Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Corinthians 12

:
Armenian - 2018
1 Պետք է պարծենամ, թեև անօգուտ է։ Կխոսեմ Տիրոջ տեսիլքների ու հայտնությունների մասին։
2 Քրիստոսով մի մարդ գիտեմ, որ տասնչորս տարի առաջ, չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի, մինչև երրորդ երկինք հափշտակվեց։
3 Գիտեմ նաև այնպիսի մարդու, չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի,
4 որ հափշտակվեց դրախտի մեջ ու անպատմելի բաներ լսեց, որ մարդը չպետք է խոսի դրանց մասին։
5 Այդպիսի մեկի համար պիտի պարծենամ, բայց ինքս ինձ համար չեմ պարծենա, եթե ոչ իմ տկարություններով միայն։
6 Եթե կամենամ էլ պարծենալ, անմիտ չեմ լինի, քանի որ ճշմարիտն եմ ասում։ Բայց խուսափում եմ, որ գուցե որևէ մեկը իմ մասին ավելի բարձր համարում ունենա, քան այն, ինչ իմ մեջ տեսնում է կամ ինձանից լսում։
7 Եվ որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնի համար ինձ խայթ տրվեց՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռնցքահարի, որպեսզի չգոռոզանամ։
8 Դրա համար երեք անգամ Տիրոջն աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի։
9 Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։
10 Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։
11 Պարծենալով անմտացա. դո՛ւք ինձ ստիպեցիք, քանզի ձեզանից պետք է վկայություն ստանայի, որովհետև այն մեծամեծ առաքյալներից ոչ մի բանով պակաս չեղա, թեև ես ոչինչ եմ։
12 Բայց առաքյալ լինելու նշանները կատարվեցին ձեր մեջ ամենայն համբերությամբ, նշաններով և հրաշքներով ու զորություններով։
13 Որովհետև ինչո՞վ մյուս եկեղեցիներից պակաս եղաք, եթե ոչ նրանով, որ ես ձեզ վրա բեռ չեղա։ Ներե՛ք ինձ այդ հանցանքը։
14 Ահա երրորդ անգամ է, որ պատրաստ եմ ձեզ մոտ գալու և ձեզ վրա բեռ չեմ լինի, որովհետև ձեր ունեցածը չեմ որոնում, այլ ձեզ. որովհետև ոչ թե որդիները պետք է հայրերի համար գանձ կուտակեն, այլ հայրերը՝ որդիների համար։
15 Բայց ես հոժարակամ ձեզ համար կծախսեմ ու ծախսի տակ կընկնեմ, թեկուզ ձեզ առավել սիրելով՝ ձեզնից քիչ սիրվեմ։
16 Բայց թեկուզ ես ձեզ վրա բեռ չեղա, սակայն խորամանկ լինելով՝ ձեզ նենգաբար բռնեցի։
17 Մի՞թե նրանց ձեռքով, ում ձեզ մոտ ուղարկեցի, ձեզ շահագործեցի։
18 Տիտոսին աղաչեցի ձեզ մոտ գալ, նրա հետ այն եղբորն էլ ուղարկեցի։ Մի՞թե Տիտոսը ձեզ շահագործեց։ Չէ՞ որ մենք նույն հոգով վարվեցինք, չէ՞ որ նույն հետքերով ընթացանք։
19 Դարձյա՞լ կարծում եք, թե մենք խոսքով ենք մեզ պաշտպանում։ Աստծու առաջ Քրիստոսով ենք խոսում. ամեն բան, սիրելինե՛ր, ձեզ ամրացնելու համար է։
20 Վախենում եմ, որ իմ գալու ժամանակ միգուցե ձեզ այնպիսին չգտնեմ, ինչպիսին կամենում եմ, և ես ձեզ համար այնպիսին չլինեմ, ինչպիսին որ դուք էլ չեք կամենում. որպեսզի չլինեն վեճ, նախանձ, զայրույթ, գրգռություններ, չարախոսություններ, քսություններ, ամբարտավանություններ, խռովություններ։
21 Միգուցե իմ հաջորդ գալստյան ժամանակ իմ Աստվածը ինձ նվաստացնի ձեզ մոտ, և սուգ անեմ շատերի համար, որ նախապես մեղանչել են և չեն ապաշխարել այն պղծության, պոռնկության ու գիջության համար, որ կատարել են։